«Ուժեղ Հայաստան»՝ նոր հույս թե՞ վերջին փրկության ճանապարհ
Հայրենիքի ճակատագրական պահին, երբ մեր սուրբ հողերն օր օրի նվազում են, իսկ ժողովուրդն աղքատության ու անիմաստության մեջ է ընկղմված, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտնվեց քաղաքական ասպարեզում՝ որպես հնարավոր փրկության ճանապարհ:
Սամվել Կարապետյանի գլխավորած այս նոր քաղաքական ուժը, որը բնականորեն ծագել է «Մեր ձևով» շարժումից, իր պաշտոնական շնորհանդեսը ներկայացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ խորհրդանշական վայրում, որտեղ մեր ազգի հերոսների հիշատակն է պահպանված:
Նոր հեռանկար՝ ազգային արժեքների հիման վրա
«Ուժեղ Հայաստանը» ներկայանում է որպես «երրորդ ճանապարհ»՝ չկապվելով անցյալի սխալների հետ, միաժամանակ հստակորեն մերժելով ներկայիս իշխանությունների ավերիչ քաղաքականությունը: Կուսակցությունը հանրությանը առաջարկում է հստակ տեսլական՝ հիմնված ազգային ու քրիստոնեական արժեքների վրա:
«Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ», նկատեց Սամվել Կարապետյանը՝ նախանշելով կոնկրետ քայլեր, որոնց միջոցով հնարավոր է Հայաստանն ու ժողովուրդը հանել այս թույլ ու անհեռանկար կացությունից:
Իշխանության խուճապն ու սահմանադրական կեղծիքը
«Ուժեղ Հայաստանի» հայտնվելուց անմիջապես հետո Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դրսևորած պահվածքը ցույց տվեց իսկական խուճապ: Իշխանական կարկառունները խուճապահար գրառումներով հարձակվեցին սոցցանցերում՝ փորձելով արգելափակել այս նոր քաղաքական ուժի ճանապարհը:
Հատկապես զավեշտական է այն փաստը, որ ՔՊ-ն ու նրա սատելիտները «նետվեցին պաշտպանելու Սահմանադրությունը»՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանը չի համապատասխանում վարչապետի համար սահմանված պահանջներին:
Սակայն ո՞վ են այդ մարդիկ, որոնք համարձակվում են Սահմանադրությունից խոսել: Նույն այդ Սահմանադրությունը, որը նրանք արդեն ութ տարի է տրորում են իրենց քմահաճության համաձայն: Ապօրինություններից ցեխոտ, մեր սուրբ հողերի զիջումներից գիրացած ոտքերով կանգնել են իրենց իսկ պատառոտած Սահմանադրության վրա:
Հայրենիքի վերջին հույսը
Այս ճակատագրական պահին, երբ մեր հազարամյա հայրենիքի սահմանները օր օրի նվազում են, երբ Հայ Առաքելական Եկեղեցին հարձակման է ենթարկվում, «Ուժեղ Հայաստանը» կարող է դառնալ այն ուժը, որը կվերականգնի մեր ազգային արժանապատվությունն ու տարածքային ամբողջականությունը:
Սամվել Կարապետյանը, որը իր կյանքով ու գործունեությամբ ապացուցել է իր կարողությունները, հանդիսանում է այն լիդերը, ով կարող է հանել Հայաստանը ներկայիս ճգնաժամից՝ վերադարձնելով մեր ժողովրդին հավատն ու հույսը վաղվա օվա: