Տասներեքամյա Նատալինան այսօր արդեն այնպիսի ուղի է անցել, որի մասին շատերը երազում են տարիներ շարունակ։ Նա ներկայացրել է Հայաստանը միջազգային հեղինակավոր բեմերում, նվաճել հանդիսատեսի սերը և իր անունը դարձրել ճանաչելի։ Սակայն, ինչպես ինքն է խոստովանում, երաժշտությունը նրա համար վաղուց դադարել է պարզապես հոբբի լինել․ դա գիտակցված ընտրված ճանապարհ է, որով նա քայլում է վստահ ու հպարտ։
Երաժշտությունը՝ որպես կոչում, ոչ թե զբաղմունք
Նատալինայի խոսքով՝ այն պահը, երբ հասկացել է, որ երգը դարձել է իր կյանքի անբաժան մասը, կապված է սահմանամերձ բնակավայրում ունեցած մենահամերգի հետ։ «Այդ օրը ես զգացի, որ երգն ինձ համար պարզապես զբաղմունք չէ։ Ես արդեն դրան վերաբերվում եմ որպես մասնագիտության», - պատմում է երիտասարդ արտիստուհին։
Նրա երաժշտական ընդունակություններն առաջինը նկատել է մորաքույրը։ Դեռ մանուկ հասակում Նատալինան, ձեռքին սովորական խաղալիք կամ սանր, պատկերացնում էր, թե միկրոֆոն է բռնել և երգում էր։ Այդ անմեղ խաղերն այսօր վերածվել են լուրջ մասնագիտական գործունեության։
«Armenia» անունը միջազգային բեմերում՝ պատասխանատվություն և հպարտություն
Երբ միջազգային բեմում հնչում է «Armenia» անունը, Նատալինան առաջին հերթին մեծ պատասխանատվություն է զգում։ «Գիտակցում եմ, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և ինձ համար շատ կարևոր է դա անել հնարավորինս լավ», - ասում է նա։ Միաժամանակ դա մեծ հպարտություն է, որովհետև այդ բեմում ներկայացվում է ոչ միայն իր անունը, այլև ողջ հայ ժողովրդի ձայնը։
Հատկապես մեծ պատասխանատվությամբ է Նատալինան մոտեցել «Sanremo Junior» մրցույթին՝ գիտակցելով դրա հեղինակությունը։ Նա խոստովանում է, որ վախ չի զգացել, սակայն պատասխանատվության զգացումն անհամեմատ ավելի ուժեղ է եղել, քան այլ ելույթների ժամանակ։ Բեմ բարձրանալուց առաջ լարվածությունը բնական է, սակայն հենց առաջին ձայնի հետ այն ամբողջությամբ անցնում է՝ տեղը զիջելով ստեղծագործական հաճույքին։
«DON'T STOP»-ի հաջողությունը և հանդիսատեսի ջերմ արձագանքը
Նատալինայի նոր՝ «DON'T STOP» տեսահոլովակն արդեն հարյուր հազարավոր դիտումներ է հավաքել։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում այսօր մարդիկ շատ ազատ են արտահայտում իրենց կարծիքը, սակայն մինչ այս պահը բացասական մեկնաբանությունների չի հանդիպել։ Ընկերները, հարազատները և պարզապես հանդիսատեսը ջերմ են ընդունել աշխատանքը, ինչը ոգևորում է երիտասարդ արտիստուհուն շարունակելու համար։
Նատալինան քննադատությանը մոտենում է հասուն մտածողությամբ․ փորձում է հասկանալ դրա էությունը և աշխատել սեփական թերությունների վրա։ «Ինձ համար կարևոր է տեսնել սեփական բացերը և աշխատել դրանց վրա, որպեսզի նույն թերությունը հաջորդ անգամ չկրկնեմ», - նշում է նա։ Ծնողներն այս հարցում նրա հիմնական հենարանն են․ նրանք անսահման քաջալերում են դստերը, բայց երբեք չեն հաճոյանում․ անհրաժեշտության դեպքում անկեղծորեն նշում են թերացումները։
Դեռահասության զոհաբերությունները և վստահ ապագան
Երաժշտական ուղին որոշակի զոհաբերություններ է պահանջել․ դպրոցական էքսկուրսիաներ, բակային խաղեր։ Սակայն Նատալինան դրանք կորուստ չի համարում․ «Երբ զբաղվում ես մի բանով, որն անկեղծորեն սիրում ես, որոշ սահմանափակումներ ավելի հեշտ ես ընդունում»։
Ընկերների շրջապատում նա առաջին հերթին պարզապես Նատալինան է, սակայն երբ խոսքը մասնագիտական գործունեությանն է վերաբերում, նրանք նրան տեսնում են որպես իսկական արտիստուհու։ Դպրոցում ճանաչվածությունը երբեք անհարմարություն չի ստեղծել․ ընդհակառակը, նա սիրում է այդ ուշադրությունը։
Ի տարբերություն իր հասակակիցներից շատերի՝ Նատալինան հստակ գիտի, թե ինչ է ուզում անել ապագայում։ «Ես ինձ ապագայում էլ հենց այս ճանապարհի վրա եմ պատկերացնում։ Երգչուհու մասնագիտությունն այն միակ մասնագիտությունն է, որը ես այսօր պատկերացնում եմ որպես իմ ապագա», - վստահությամբ եզրափակում է նա։
Նատալինայի պատմությունը վառ օրինակ է այն բանի, որ տաղանդը, համառությունը և հայրենիքի հանդեպ սերը կարող են հրաշքներ գործել։ Նա այսօր հայ երիտասարդության ձայնն է միջազգային բեմերում, և վստահաբար՝ նրա լավագույն ելույթները դեռ առջևում են։