Փաշինյանի վտանգավոր «հավասարությունը». Արցախի դավաճանությունը
Վտանգավոր հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն օրինաչափություն է դառնում: Վտանգավոր հայտարարություններ, որոնք ի վերջո ճակատագրական նշանակություն են ունենում՝ միշտ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:
Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:
«Արցախը Հայաստան է, և վերջ»-ից մինչև դավաճանություն
Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարույթունն արեց Նիկոլ Փաշինյանը: Նա նման բան հայտարարեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին հիմնախնդրի կարգավորման կոնկրետ առաջարկություններ:
Փաշինյանն այդ առաջարկությունները ոչ միայն մերժեց, այլև հիշյալ հայտարարությամբ զրոյացրեց բանակցությունների առարկան:
Նոր վտանգավոր առաջարկ
Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:
Վտանգավոր հավասարություն
Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում:
Բուն հարցն այն է, որ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:
Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու լեգիտիմ:
Էթնիկ զտում և ցեղասպանություն
Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից:
Միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:
Լեգիտիմացնելով թշնամու նկրտումները
Փաշինյանի հայտարարության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև:
Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:
Հռետորական հարցեր
Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը, իբր դիրքավորվելով որպես ծայրահեղ հայրենասեր, բոցաշունչ հայտարարություններ անելով, ըստ էության, երկիրն ու ժողովրդին նետում է արկածախնդրության հորձանուտը:
Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմներ, ռազմական բախումներ, գոյութենական սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար:
Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանի բոլոր նման հայտարարությունների, Փաշինյանի գլխավորած իշխանության կատարած քայլերի հիմնական ու առաջին շահառուն... Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են:
Սրանք հռետորական հարցեր են, քանի որ ահա արդեն 7-8 տարի է, ինչ իրական կյանքում տեսնում ենք, թե «ինչպես է լինում»: