Երևանի բակերից մեկում, որտեղ մյուս երեխաները ֆուտբոլ էին խաղում ու վազվզում մինչև ուշ գիշեր, մի տղա ժամերով նստում էր եղբոր հետ՝ ականջները փակած, և շախմատ խաղում: Այդ խաղերն արդեն իսկ հուշում էին, որ նրա աշխարհը տարբերվում է հասակակիցների աշխարհից: Տարիներ անց այդ նույն տղան նստեց շախմատի տախտակի դիմաց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի դեմ և արեց այն, ինչի մասին երազում են հազարավոր շախմատիստներ՝ հաղթեց նրան:
Շանթ Սարգսյանը, ում անունն այսօր արդեն գրված է շախմատի պատմության մեջ, խոստովանում է, որ երբ ավարտվեց այդ պատմական պարտիան, առաջին միտքը շատ պարզ էր, բայց միևնույն ժամանակ՝ ամենախորը: «Միանգամից մտածեցի, որ երազանքս իրականացավ, և հաղթեցի շախմատի պատմության լավագույնին»:
Ինչպես հայ տղան նվաճեց աշխարհը
Թեև այսօր այդ հաղթանակը շատերի համար թվում է օրինաչափություն, ինքը չի թաքցնում, որ այն իր համար ավելի շատ անակնկալ էր, քան նախապես սպասված արդյունք: Իսկ վճռորոշ պահը եկավ վերջնախաղում, երբ Կարլսենը վրիպում թույլ տվեց: «Այդ պահին հասկացա, որ շատ մոտ եմ հաղթանակին»:
Սակայն Շանթի համար այդ պարտիան միայն գեղեցիկ հաղթանակ չէր: Այն փոխեց մտածողությունը: «Կարլսենի հետ խաղից հետո հասկացա, որ հնարավոր է հաղթել յուրաքանչյուրին»: Այս միտքը հաճախ դառնում է մեծ մարզիկների ամենաուժեղ զենքը՝ սեփական հնարավորությունների սահմաններն այլևս չկասկածելը:
Հայ շախմատիստի ճանապարհը դեպի վեր
Շանթ Սարգսյանի շախմատային աշխարհը ձևավորվել է աշխարհի լավագույնների պարտիաների ուսումնասիրությամբ: Նա ասում է, որ ուսումնասիրել է աշխարհի բոլոր չեմպիոնների խաղերը, սակայն ամենաշատը՝ հենց Մագնուս Կարլսենի: Այդ ուսումնասիրություններին այսօր ավելացել են նաև համակարգիչները, որոնք, ըստ նրա, միաժամանակ և՛ անփոխարինելի են, և՛ երբեմն սահմանափակում են ստեղծագործական մոտեցումները:
Բայց շախմատը միայն հաշվարկ չէ: Այն նաև հոգեբանական պայքար է: Շանթը յուրաքանչյուր խաղից առաջ հատուկ տրամադրում է իրեն, իսկ պարտություններից չի խուսափում: Ընդհակառակը՝ համոզված է, որ հենց պարտություններն են ամենաշատը սովորեցնում: «Պարտությունների ժամանակ միշտ կարելի է ավելի շատ սովորել»:
Ծանր շրջաններում էլ ինքնավստահությունը վերականգնելու իր ձևն ունի: «Միշտ մտածում եմ, որ հաղթանակները դեռ առջևում են և շուտով կգան»: Հաջողության գաղտնիքը, նրա խոսքով, ոչ թե բացառիկ տաղանդն է, այլ մեկ սովորություն՝ երբեք չդադարել պայքարել:
Ով է Շանթ Սարգսյանը. հայ երիտասարդի հաջողության գաղտնիքը
Շախմատային ճանապարհին ամենամեծ ազդեցությունն ունեցել է մանկության մարզիչը՝ Տիգրան Պողոսյանը, ում Շանթը համարում է իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը: Երբ խոսքը վերաբերում է հայ երիտասարդ շախմատիստներին, նա առանձնացնում է երկու կարևոր որակ, որոնց պակասը հաճախ զգացվում է՝ կամքն ու աշխատասիրությունը:
Թեև նրա կյանքը ամբողջությամբ կապված է շախմատի հետ, քիչ մարդիկ գիտեն, որ Շանթ Սարգսյանը մեծ սիրով հետևում է նաև ֆուտբոլին և հաճույքով ինքն էլ խաղում է: Հետաքրքիր է, որ իր ամենաբարդ մրցակցին ու ամենահիշվող հաղթանակը նա նույն անունով է կապում՝ Մագնուս Կարլսեն: Իսկ երբ հարցնում ես, թե ո՞ր շախմատիստի դեմ կցանկանար խաղալ, պատասխանում է՝ Գարրի Կասպարով: Եթե հնարավորություն ունենար մեկ պարտիա խաղալ պատմության ցանկացած շախմատիստի հետ, կընտրեր Ռոբերտ Ֆիշերին՝ նրան համարելով պատմության ամենահզոր շախմատիստներից մեկը:
Ինչ է սպասվում հայ շախմատիստին. նպատակները և երազանքները
Շանթ Սարգսյանը ցանկանում է հաղթահարել շախմատի էլիտար՝ 2700 վարկանիշի շեմը և Հայաստանի հավաքականի կազմում նվաճել Համաշխարհային օլիմպիադայի թիմային ոսկե մեդալը: Երբ հետադարձ հայացք ես գցում Շանթ Սարգսյանի անցած ճանապարհին, պարզ է դառնում, որ մեծ հաղթանակները ծնվում են տարիների նվիրումից, համառ աշխատանքից և անսահման հավատից: Նրա պատմությունը դեռ ավարտված չէ: Եթե աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Կարլսենին հաղթելու երազանքն արդեն իրականություն է դարձել, ապա 2700 վարկանիշային շեմն ու օլիմպիական ոսկին կարող են դառնալ նրա հաջորդ մեծ նվաճումները: