Անցնել բովանդակությանը

Ararat Press

Քաղաքականություն

Հայ Եկեղեցու դեմ նոր հալածանք՝ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումը

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը նոր հարված է Հայ Առաքելական Եկեղեցուն: Անհիմն մեղադրանքներ և հոգևոր պատերազմ ազգային ինքնության դեմ:

2 րոպե ընթերցում
Հայ Եկեղեցու դեմ նոր հալածանք՝ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումը
Լուսանկար՝ Արարատ Պրես (Ararat Press)
Բովանդակություն

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը նոր հարված է մեր ազգի հոգևոր ողնաշարին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս արարքը ոչ միայն անհեթեթ մեղադրանքների վրա հիմնված է, այլև ցույց է տալիս ներկայիս իշխանության հակաեկեղեցական քաղաքականության խորությունը:

Անհիմն մեղադրանքներ և կեղծ դատավարություն

Արշակ սրբազանի կալանավորումը կանխատեսելի էր, ոչ թե հիմնավոր փաստարկների պատճառով, այլ որովհետև այսօր Հայաստանում գործում է այնպիսի իշխանություն, որը որևէ փաստարկ, օրենք պետք չունի ցանկացած անձի դեմ գործ հարուցելու համար: Գաղտնիք չէ, որ կան իրենց "սրտի" "հերթապահ" դատավորներ, ովքեր պատրաստ են կատարել այս անիրավ հրամանները:

Հայ Առաքելական Եկեղեցին, չնայած համակարգային հալածանքներին, դիմադրում է հակաեկեղեցական արշավանքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: Մայր Աթոռի դիվանապետը կարևոր հոգևորական է, ուստի նրա կալանավորումը նպատակաուղղված գործողություն է:

Գյումրիի ձախողումը և նոր հալածանքները

Փաշինյանն ու նրա աջակիցները Արշակ սրբազանին համարում են իրենց թշնամին, քանի որ սրբազանը նզովել է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, Հայրենիքը ուրացողներին, Հայ եկեղեցին կործանել ցանկացողներին: Մյուս կողմից՝ Գյումրու Յոթ վերք եկեղեցում պլանավորված հակաեկեղեցական "պատարագը" ձախողվել է, քանի որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մերժել են փաշինյանական "ծիսակարգով" պատարագ մատուցել:

Վախի և տագնապի պատանդները

Նիկոլ Փաշինյանը երբեք ինքն իր վրա վստահ չի եղել որպես վարչապետ: Նա ակնհայտորեն ոչ իր հագով "կոստյումի" մեջ է, և արդեն անցած գրեթե 8 տարիներին այնքան աղետային հետևանքներ է հարուցել, որ նրա անվստահությունը վերածվել է շարունակական վախերի և տագնապների:

Իշխանությունը կորցնելու վախը բռնապետական վախ է: Վախ ու կասկածներ, որ մերձավորները դավեր են նյութում, վախ, որ այս կամ այն անհամաձայնությունը կարող է վերաճել ժողովրդական շարժման: Պարզապես վախ, որ հանրության վստահությունը վայելող այլ ինստիտուտներ կան, իսկ ինքը դրանց շարքում չէ այլևս:

Ազգային ինքնության դեմ պատերազմ

Հայաստանի անկախ պետականության պայմաններում անախադեպ իրավիճակ է ստեղծվել. հենց այս պահին Հայ Առաքելական Եկեղեցու 4 սրբազան հայրեր կալանավորված են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Բոլորն էլ կալանավորված են ակնհայտորեն անհեթեթ, բացարձակապես հիմնազուրկ մեղադրանքներով:

Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության ողնաշարային հենարանն է: Հենց դրա պատճառով է, որ այս արշավը, պատերազմը, հալածանքը ուղղվել է Եկեղեցու՝ որպես ազգային ու ցանցային կառույցի դեմ: Դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանն այսքան վնաս հասցնեին հայ ժողովրդին, ազգային արժեքներին, Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան արդեն պատճառել է փաշինյանական իշխանությունը:

Սա հոգևոր պատերազմ է հայ ժողովրդի, մեր ինքնության ու պատմական հիշողության դեմ: Մեր հայ սրբազանները, որոնք խոշտանգվում են փաշինյանական իշխանության նկուղներում, ուղեցույց և օրինակ պիտի լինեն՝ տոկալու, դիմակայելու և վերապրելու համար:

Աղբյուր՝ NEWS.am