Սրբուհի Ավանեսյան․ մայրության սրբազան գաղտնիքը և վերադարձը լույսի արքայություն
Երկարատև էկրանային լռությունից հետո Սրբուհի Ավանեսյանը խախտում է իր լռությունը և առաջին անգամ հրապարակավ խոսում է որդու՝ Ադամի ծննդյան, մայրության և անձնական կյանքի մասին։ Մոդելն ու դերասանուհին, որ երկար ժամանակ հմտորեն զատում էր անձնականը հանրայինից, վերջապես բացահայտեց իր կյանքի ամենասուրբ գաղտնիքը՝ մայր լինելու խորհուրդը։
Մայրությունը՝ որպես կյանքի նոր առաջնահերթություն
Սրբուհու խոսքով՝ մայրությունը մի փուլ էր, որը նա ցանկացել է ապրել իր և ընտանիքի շրջանակում՝ հեռու հանրային աչքից։ «Ինձ համար մայրությունը շատ անձնական ու կարևոր փուլ էր, և մինչև պատրաստ չլինեի, չէի ցանկանում այն հանրայնացնել», նշում է նա՝ հավելելով, որ այդ մասին գիտեին միայն իր ամենամոտ մարդիկ։
Սրբուհին չի համարում, որ ստեղծագործական կյանքը փոխարինել է անձնական երջանկությամբ։ Պարզապես որդու ծնունդից հետո նրա առաջնահերթությունները որոշակիորեն փոխվել են։ «Ադամի ծնունդը շատ կարևոր ու գեղեցիկ փոփոխություն էր իմ կյանքում, և բնական է, որ որոշ ժամանակ ավելի շատ կենտրոնացած էի մայրության վրա», ասում է նա՝ ընդգծելով, որ երբեք չի պատկերացրել իրեն ստեղծագործական ոլորտից ամբողջությամբ հեռացած։
Ադամի անվան խորհուրդը
Ադամը լույս աշխարհ է եկել 2025 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը Սրբուհու համար դարձել է կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրերից մեկը։ Փոքրիկի անունն ընտրվել է բավական յուրահատուկ խորհուրդով։ Սրբուհին պատմում է, որ դեռ հղիության ընթացքում երազ է տեսել, որում իրեն ասել են՝ տղա է ունենալու, և նրա անունը պետք է լինի Ադամ։
Հատկանշական է, որ այդ պահին նա դեռ չգիտեր երեխայի սեռը և նույնիսկ չէր մտածել, որ տղա է ունենալու։ Սակայն «գենդեր փարթիի» ժամանակ, երբ պարզվել է, որ փոքրիկը տղա է, անվան հարցն այլևս քննարկման ենթակա չի եղել։ «Այդ պահից հետո այլևս ոչ մի անուն նույնիսկ չքննարկվեց։ Բոլորս պարզապես հասկացանք, որ Ադամն է գալիս», պատմում է նորաթուխ մայրիկը։
«Շարունակում եմ մնալ Սրբուհին»
Մայրանալը Սրբուհու կյանքում մեծ փոփոխություններ է բերել, սակայն նա վստահ է՝ այդ փոփոխությունը չի նշանակում սեփական անձի կորուստ։ «Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ փոխվել է իմ մտածելակերպը։ Հիմա շատ բաների ավելի հանգիստ ու գիտակցված եմ վերաբերվում, և որոշումներ կայացնելիս առաջին հերթին մտածում եմ ոչ միայն իմ, այլ նաև Ադամի մասին», ասում է նա։
Միևնույն ժամանակ դերասանուհին ընդգծում է, որ շարունակում է մնալ նույն Սրբուհին՝ իր նպատակներով, աշխատանքով ու երազանքներով։ Պարզապես այժմ այդ ամենի կողքին կա մի փոքրիկ մարդ, որն իր կյանքին նոր իմաստ է տվել։
Անձնական կյանքի մյուս մանրամասների հարցում Սրբուհին շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ պահպանել սահմանը հանրային և անձնական կյանքի միջև։ Նա բացահայտում է, որ ամուսնացած չէ, սակայն չի ցանկանում խոսել այն մասին, թե արդյոք իր կյանքում ընտրյալ կա։ «Ինձ համար հիմա կարևոր է պահպանել այն սահմանը, որտեղ հանրությունը կարող է ճանաչել ինձ որպես ստեղծագործող և մայր, բայց անձնական կյանքի ամեն մանրուք պարտադիր չէ, որ հանրային դառնա», ասում է նա։
Ստեղծագործական վերադարձն արդեն սկսվել է
Չնայած էկրաններից երկարատև բացակայությանը՝ Սրբուհին վստահեցնում է՝ ստեղծագործական դադարն արդեն ավարտվում է։ Ավելին՝ վերադարձն արդեն իսկ մեկնարկել է։ Վերջերս նա մասնակցել է «Տարազ Fest»-ի ցուցադրությանը, իսկ այս ընթացքում նաև նկարահանումներ է ունեցել սերիալում։
Այսպիսով, առաջիկայում Սրբուհուն կրկին տեսնելու հնարավորությունն արդեն ոչ թե հեռավոր ծրագիր, այլ իրականություն է։ Նա, սակայն, այժմ ավելի ընտրողաբար է մոտենում աշխատանքային առաջարկներին՝ նախապատվությունը տալով այն նախագծերին, որոնք իսկապես հետաքրքրում են իրեն և հնարավորություն են տալիս լիարժեք ներկայանալ։
Մայրանալը, ինչպես ինքն է ասում, չի փոխել իր սերը աշխատանքի հանդեպ։ Պարզապես այժմ իր կյանքում ամեն ինչ մի փոքր ավելի գիտակցված է։ Ու թերևս հենց սա է Սրբուհի Ավանեսյանի կյանքի այս նոր շրջանի ամենագեղեցիկ առանձնահատկությունը․ նա չի հրաժարվել իրենից ու իր երազանքներից, այլ պարզապես իր՝ արդեն իսկ հետաքրքիր ու ստեղծագործական պատմության մեջ ավելացրել է ամենակարևոր նոր դերը՝ մայրությունը։