Սիլիկոնյան հովտում սեփական դիրքն ընդգծելու բազմաթիվ եղանակներ կան՝ Սան Ֆրանցիսկոյի ծոցին նայող առանձնատուն, Cybertruck և, իհարկե, թանկարժեք ժամացույցներ։ Վերջիններս վաղուց դարձել են տարբեր ոլորտների ազդեցիկ մարդկանց անբաժանելի մասը, գրում է WSJ-ը։
Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջերս հանրությանն էր ներկայացել F.P. Journe ապրանքանիշի 1,3 միլիոն դոլարանոց ժամացույցով։ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը նույնպես հայտնի է ժամացույցների հանդեպ իր թուլությամբ. նրա դաստակին նկատել են, մասնավորապես, Greubel Forsey-ի մոտ 650 հազար դոլար արժողությամբ մոդելը։
Սակայն այժմ Ալթմանի հավաքածուում հայտնվել է շատ ավելի անհատական ու, թերևս, բավականին հազվագյուտ նմուշ։ Այս տարվա սկզբին ընդամենը ութ տարի առաջ հիմնադրված շվեյցարական Vanguart ժամագործական ընկերությունը նրա համար պատրաստել է հատուկ մոդել՝ OpenAI-ի խորհրդանիշերով։ Ալթմանը պատվիրել է միանգամից յոթ օրինակ։
Յոթ ժամացույց՝ ընտրյալների համար
Նոր ժամացույցի հիմքում Vanguart-ի տիտանե Orb մոդելն է, որի արժեքը սկսվում է մոտ 180 հազար դոլարից։ OpenAI-ի խորհրդանիշերով էքսկլյուզիվ տարբերակը պատրաստվել է ընկերության յոթ ընտրյալ աշխատակիցների համար։
Այսպիսով, ժամացույցը դարձել է տեխնոլոգիական ոլորտում ձևավորվող նոր միտման շարունակությունը։ OpenAI-ն ու Սիլիկոնյան հովտի այլ ընկերություններն ավելի ակտիվորեն են թողարկում սեփական բրենդով հագուստ և աքսեսուարներ՝ տեխնոլոգիական ֆիրմաներից աստիճանաբար վերածվելով լիարժեք լայֆսթայլ բրենդների։
«Հաշվարկներն են որոշում ճակատագիրը»
Ժամացույցն ստացել է մարզական կաուչուկե փոկ և մեխանիզմ, որը թույլ է տալիս անցում կատարել ավտոմատ ու լարովի ռեժիմների միջև։
Սակայն գլխավոր հետաքրքրությունը թաքնված է դետալներում։ Դիզայներները ավելացրել են մի քանի յուրօրինակ «զատկական ձվեր», որոնք հասկանալի են առաջին հերթին տեխնոլոգիական ոլորտի մարդկանց։
Այսպիսով, յուրաքանչյուր ժամացույցի ռոտորի շուրջ փորագրված է Ալթմանին վերագրվող արտահայտությունը՝ «COMPUTE IS DESTINY» («ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»)։
Սիլիկոնյան հովտում տարածված մեկ այլ տերմին՝ «SCALING» («ՄԱՍՇՏԱԲԱՎՈՐՈՒՄ»), մեծատառերով փորագրված է լարման գլխիկի վրա։
OpenAI-ի լոգոտիպը տեղադրված է անմիջապես թվատախտակին։ Իսկ յուրաքանչյուր օրինակի հակառակ կողմում փորագրված է Python ծրագրավորման լեզվով գրված տողը՝ «if AGI.aligned: deploy()»։
Այս դետալն առաջարկել է Vanguart-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Աքսել Լոյենբերգերը։ «Սա նշանակում է, որ արհեստական բանականությունը պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով», — բացատրել է Կորոտյուրքը։
Նրա խոսքով՝ նման թաքնված հղումները Vanguart-ի անհատական նախագծերի այցեքարտն են։ «Մենք փորձում ենք նուրբ հղումներ անել, որոնք կնկատեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե որտեղ փնտրել», — նշել է նա։
Ժամացույցներ, որոնցից գրեթե ոչ ոք չունի
Յուրօրինակությունը Vanguart-ի հիմնական սկզբունքներից է։ Այս ապրանքանիշի պատրաստի մոդելներն ԱՄՆ-ում վաճառվում են միայն Նյու Յորքի Սոհո թաղամասում գտնվող Material Good խանութում։ Ընդհանուր առմամբ ընկերությունը թողարկել է 200-ից պակաս ժամացույց։
Համեմատության համար՝ շվեյցարական հսկա Audemars Piguet-ը տարեկան արտադրում է մոտ 50 հազար ժամացույց և ունի ավելի քան 3 հազար աշխատակից։
Այնուամենայնիվ, OpenAI-ի լոգոտիպով ժամացույցները գոյություն ունեն նաև այլ տարբերակով, ոչ միայն Vanguart-ի էքսկլյուզիվ մոդելով։
Վերջերս OpenAI-ի կիրառական հետազոտությունների բաժնի ղեկավար Բորիս Փաուերը X-ում հայտնել էր, որ Rolex-ի քույր ապրանքանիշը՝ Tudor ընկերությունը, OpenAI-ի լոգոտիպով 400 ժամացույց է թողարկել։
Այս մոդելների հակառակ կողմում գրված է. «Good Research Takes Time» («Լավ հետազոտությունը ժամանակ է պահանջում»)։ Նույն այս կարգախոսն օգտագործվել էր նաև OpenAI-ի վաճառած շապիկների վրա։
Մեմերի «պատերազմը»
Այս նորությունը X սոցիալական ցանցում արագորեն գրավել է ժամացույցների հավաքորդների ուշադրությունը։ The Luxury Watch Guy հաշիվն ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել ժամացույցների մասին հրապարակման միջոցով։ Շուտով էքսկլյուզիվ մոդելների շուրջ մեմերի իսկական ալիք է բարձրացել. զարմանալի չէ, որ շատ կատակներ շոշափել են նաև «Մատանիների տիրակալի» նկատմամբ Սիլիկոնյան հովտի վաղեմի սերը, գրում է BI-ն։
Ընտրյալ աշխատակիցների փոքր խմբի համար ստեղծված հազվագյուտ ժամացույցների գաղափարը X-ի օգտատերերի մոտ անմիջապես ասոցացվել է Ջ. Ռ. Ռ. Թոլքինի ֆենթեզի վեպի Իշխանության մատանիների հետ։
Այսպիսով, էներգետիկ շուկայի հետազոտող Ռորի Ջոնսթոնը քննարկմանը պատասխանել է «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմի սկզբնական կադրով։ Մեկ այլ օգտատեր ընդհանրապես վերափոխել է Թոլքինի հայտնի բանաստեղծությունը տեխնոլոգիական ոճով՝ ժամացույցները բաշխելով ԱԲ հետազոտողների, վենչուրային ներդրողների և «կործանման դատապարտված» SaaS-ընկերությունների հիմնադիրների միջև։ Այս տարբերակով ժամացույցներից մեկը բաժին է ընկել Ալթմանին, որը բազմել է «Սիլիկոնյան հովտի ստվերոտ աշխարհում գտնվող իր մութ գահին»։