Անցնել բովանդակությանը

Ararat Press

Արվեստ և ժամանց

90-ականների լեգենդները միասին՝ Երևանում. Retro Stars Fest-ը խոստանում է ժամանակի ճանապարհորդություն

Retro Stars Fest-ը մեկ բեմում կհավաքի Haddaway-ին, Mr. President-ին, Dr. Alban-ին և Boney M.-ին՝ 90-ականների մթնոլորտը վերականգնելով Երևանից ոչ հեռու։

3 րոպե ընթերցում
90-ականների լեգենդները միասին՝ Երևանում. Retro Stars Fest-ը խոստանում է ժամանակի ճանապարհորդություն
Լուսանկարը՝ NEWS.am STYLE
Բովանդակություն

Երևանից ոչ հեռու՝ նոր ֆեստիվալային տարածքում, սեպտեմբերի ամսվա մի օր ժամանակը կանգ է առնելու։ Retro Stars Fest-ը՝ հայկական նոր փառատոնը, մեկ բեմում է հավաքելու 90-ականների համաշխարհային չորս լեգենդների՝ Haddaway-ին, Mr. President-ին, Dr. Alban-ին և Boney M.-ին։ Սա պարզապես համերգ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի վերակենդանացում՝ ֆոտոգոտիներով, խաղերով, թեմատիկ միջավայրով և այն մթնոլորտով, որը հանդիսատեսին մի քանի ժամով կտեղափոխի անցյալ։

Այս տարիների երաժշտությունը կրկին թրենդային է դարձել ոչ միայն նրանց համար, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում, այլև նոր սերնդի համար, որը ծնվել է 2000-ականներին։ Retro Stars Fest-ը ծնվել է հենց այս երկու սերունդներին միավորելու գաղափարից։

Ինչպե՞ս ծնվեց Retro Stars Fest-ի գաղափարը

Unity Production-ի համահիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Մհերյանը պատմում է, որ Հայաստանում նման ձևաչափով և մասշտաբով փառատոն դեռ չի եղել։ «Մենք ուզում ենք մարդկանց հնարավորություն տալ մեկ օրով վերադառնալ 90-ականներ։ Այդ տարիների երգերը մարդիկ այսօր էլ լսում են, պարում են դրանց տակ, հիշում են իրենց երիտասարդությունը, առաջին սերը, ընկերներին»,- նշում է նա։

Մհերյանի խոսքով՝ այդ սերնդի մեծ մասը երբևէ կենդանի չի տեսել այն արտիստներին, որոնց երգերը տարիներ շարունակ լսել է։ Փառատոնը հենց այդ բացն է լրացնելու՝ առաջին անգամ Հայաստանում հնարավորություն ընձեռելով տեսնել նրանց կենդանի ելույթով։

Փառատոնը՝ որպես ժամանակի դարպաս

Retro Stars Fest-ը միայն երաժշտական իրադարձություն չէ։ «Մենք ուզում ենք, որ մարդը տարածք մտնելու պահից զգա, որ տեղափոխվել է մեկ այլ ժամանակաշրջան»,- շեշտում է կազմակերպիչը։ Այդ պատճառով միջոցառումը ներառում է ֆոտոզոնաներ, խաղեր, խաղարկություններ, սննդի և ըմպելիքների գոտիներ, ինչպես նաև թեմատիկ ձևավորում։

Միջոցառումը տեղի է ունենալու Երևանից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ Aura by Adana Complex-ում, որը հատուկ ստեղծված է նման փառատոների համար։ Ընդարձակ կանաչ տարածքը հնարավորություն է տալու հանդիսատեսին շրջել, լուսանկարվել, խաղալ և վայելել օրը։

Ինչո՞ւ հենց այս արտիստները

Արտիստների ընտրությունը պատահական չէր։ Haddaway-ը, Mr. President-ը և Dr. Alban-ը 90-ականների երաժշտության անվիճելի խորհրդանիշներն են, իսկ Boney M.-ն ավելի վաղ շրջանի դիսկո ժառանգության լեգենդ է։ «Նրանց երաժշտությունը շատերի համար անմիջականորեն կապված է 90-ականների հետ»,- բացատրում է Մհերյանը։

Միջազգային արտիստներին մեկ օրվա շուրջ համախմբելը հեշտ գործ չի եղել։ «Նրանց գրաֆիկները բավականին զբաղված են, համերգները շատ են։ Հատկապես հիմա, երբ 90-ականների երաժշտությունը նորից թրենդային է դարձել, հետաքրքրությունն էլ մեծացել է»,- խոստովանում է նա։

Հայկական շունչը փառատոնում

Միջազգային աստղերից բացի, բեմում ելույթ են ունենալու նաև 90-ականների հայտնի հայ արտիստներ և դիջեյներ՝ լրացնելով ծրագիրը հայկական ռետրո հիթերով։ Սա փառատոնին տալիս է յուրահատուկ տեղական մթնոլորտ՝ միաժամանակ պահպանելով միջազգային մակարդակը։

Ապագայի ծրագրերը և անակնկալները

Սա առաջին փառատոնն է, և կազմակերպիչները վստահ են, որ այն շարունակական նախագիծ է դառնալու։ «Մենք իսկապես ցանկանում ենք, որ սա դառնա ամենամյա իրադարձություն»,- ասում է Մհերյանը։ Հաջորդ տարիների համար արդեն կան հետաքրքիր գաղափարներ, սակայն կոնկրետ անուններ դեռ չեն հրապարակվում։ «Մեծ անակնկալներ են սպասվում»,- հուշում է նա։

Retro Stars բրենդի ներքո հետագայում կարող են հանդես գալ տարբեր երաժշտական ուղղությունների լեգենդներ՝ տարբեր երկրներից և մայրցամաքներից։

Ինչո՞ւ է 90-ականների երաժշտությունը կրկին պահանջված

Մհերյանի կարծիքով՝ այդ երաժշտության մեջ կա մի բան, որը ժամանակի հետ չի կորցնում իր արժեքը։ «Մի կողմից՝ դա նոստալգիա է նրանց համար, ովքեր ապրել են այդ տարիներին, մյուս կողմից՝ հետաքրքիր բացահայտում է նրանց համար, ովքեր չեն ապրել։ Հենց այդ երկու սերունդներին էլ ուզում ենք միավորել մեկ տարածքում»,- ընդգծում է նա։

Փառատոնը կոչվում է Retro Stars Fest — Disco Legends, և «առաջին» բառը պատահական չէ։ Կազմակերպիչները վստահ են, որ սա նոր ավանդույթի սկիզբ է հայկական համերգային շուկայում։

Ի՞նչ ազդեցություն կունենա փառատոնը հայկական շուկայի վրա

«Այս արտիստները Հայաստանում նախկինում չեն եղել, իսկ Boney M.-ն այս կազմով չի ելույթ ունեցել։ Սա արդեն իսկ մեծ հետաքրքրության պատճառ է»,- նշում է Մհերյանը։ Նա հավելում է, որ փառատոնը ցույց կտա, որ Հայաստանում հնարավոր է կազմակերպել միջազգային մակարդակի միջոցառումներ՝ պահպանելով տեղական յուրահատուկ մթնոլորտը։

Կոչ հանդիսատեսին

Նրանց, ովքեր դեռ տոմս չեն ձեռք բերել, Մհերյանը խորհուրդ է տալիս անպայման ներկա լինել։ «Եթե 90-ականների երաժշտությունը ձեզ համար պարզապես երաժշտություն չէ, այլ հիշողություն ու զգացողություն, ապա սա հենց այն վայրն է, որտեղ կարող եք այդ ամենը մեկ օրով նորից ապրել»,- ասում է նա։

Հանդիսատեսին խրախուսում են նաև 90-ականների ոճով հանդերձանք ընտրել՝ դառնալով այդ պատմության մի մասը։ «Չգիտենք՝ երբ կրկին հնարավորություն կլինի հենց այս կազմով տեսնել նման արտիստների Հայաստանում»,- եզրափակում է կազմակերպիչը։

Փառատոնի մասին վերջին թարմացումներին կարող եք հետևել Instagram-ի պաշտոնական էջում՝ @retrostarsfest։

Աղբյուր՝ NEWS.am STYLE