Երևանում բնակվող արցախցի դերասան Սամվել Սարգսյանը երբեք չի առանձնացրել Արցախն ու Հայաստանը․ նրա համար դրանք միշտ եղել են մեկ ամբողջություն։ Այս համոզմունքը նա կրում է իր ողջ ստեղծագործական ուղու ընթացքում՝ արվեստը դարձնելով լույսի աղբյուր ինչպես իր, այնպես էլ իր հանդիսատեսի համար։
Արցախի կորուստը և ներքին ուժի որոնումը
Արցախի շրջափակման և կորստի ծանր օրերին Սամվելն արդեն Երևանում էր։ Նա նոր էր ավարտել զինվորական ծառայությունը և փորձում էր հարմարվել նոր կյանքին։ Սակայն հայրենիքի մի մասի կորուստը խոր վերք թողեց նրա հոգում․ «Առաջ, նույնիսկ ամենադժվար պահերին, գիտեի, որ ունեմ մի տեղ, ուր կարող եմ վերադառնալ։ Հիմա այդ վստահությունն այլևս չկա։ Բայց հենց դրա համար էլ ձեռքերը վայր դնելու տարբերակ պարզապես չկա»։
Սամվելի խոսքով՝ Արցախում մշտական պայքարի պայմաններում մեծացած մարդը կյանքին այլ աչքերով է նայում․ «Երբ կյանքդ և՛ փոխաբերական, և՛ բառի ուղիղ իմաստով պայքար է դառնում, սկսում ես շատ բաների այլ կերպ նայել»։ Նա երախտապարտ է, որ իր շրջապատի շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում կորուստը, և միևնույն ժամանակ ուժ է ստանում այն ընկերներից, ովքեր Արցախից չէին, բայց կողքին էին ամենածանր պահերին․ «Մենք միասին գնում էինք Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքներին, միասին պայքարում էինք ճշմարտության ու արդարության համար»։
Արվեստը՝ գիտակցված ընտրություն
Չնայած բոլոր դժվարություններին՝ Սամվելը երբեք չի մտածել թողնել դերասանի ճանապարհը։ Դերասան դառնալու ցանկությունը ծնվել էր դեռ մանկուց, և Երևան գալուց հետո նա հստակ գիտեր, թե ինչի համար է այստեղ։ Նրա վարպետի խոսքերը՝ «Այս մասնագիտության մեջ դու կամ ամենալավն ես, կամ այստեղ չպետք է լինես», մի կողմից վախեցնում էին, մյուս կողմից՝ ստիպում ավելի շատ աշխատել։
Սամվելի համար դերասանի մասնագիտության ամենամեծ հրաշքն այն է, որ մարդը, ապրելով իր մեկ կյանքը, կարող է միաժամանակ բազմաթիվ ուրիշ կյանքեր ապրել․ «Դերասանը կարող է զգալ մեկ այլ մարդու կյանքը, հասկանալ նրա մտածողությունը, շարժումները, աշխարհը, ստեղծել կերպարի ամբողջականությունը և նրան ապրելու իրավունք տալ»։
Թատրոնն ու կինոն՝ երկու տարբեր աշխարհներ
Սամվելի համար թատրոնն ու էկրանը երկու տարբեր աշխարհներ են։ Թատրոնի ամենամեծ առանձնահատկությունը կենդանի պահն է․ «Հանդիսատեսը պարզապես չի նայում ներկայացումը, այլ մեզ հետ ապրում է այն, ինչ կատարվում է բեմում»։ Թատրոնում երկրորդ հնարավորություն չկա, մինչդեռ կինոյում հնարավոր է կրկնել և պատմությունը կառուցել տարբեր դրվագներից։ Սակայն երկու դեպքում էլ ամենակարևորը կերպարին հավատալն է։
Կատակերգության բացահայտումը
Կատակերգական ժանրի հետ Սամվելի առաջին կարևոր հանդիպումը «Ուրվականը մեր միջև» ֆիլմն էր, որից հետո նա միացավ «Մամայի Բալա» սիթքոմին՝ մարմնավորելով Գոռի կերպարը։ Նրա համար կատակերգությունն ավելի բարդ է, քան դրաման․ «Մարդուն ծիծաղեցնելը հեշտ չէ»։ Այս ճանապարհին նա կարևորում է ռեժիսոր Նարեկ Ավագյանի հետ աշխատանքը, որը նրան հնարավորություն է տվել ավելի խորն ընկալել կատակերգական ժանրի առանձնահատկությունները։
Սամվելի համոզմամբ՝ լավ կատակերգության գաղտնիքն այն է, որ կերպարը երբեք չպետք է փորձի ծիծաղելի լինել։ Գոռի դեպքում նրա համար տեղի ունեցող ամեն ինչ իրականություն է։ Դերասանը փորձում է հասկանալ՝ ինչու է կերպարը հենց այդպես մտածում ու գործում, և երբ իրավիճակը ճիշտ է փոխանցվում, հանդիսատեսն ինքն է տեսնում դրա ծիծաղելի կողմը։ Գոռի կերպարի ստեղծման ընթացքում Սամվելին օգնել են սեփական հիշողությունները՝ ծառայությունից հետո Երևան գալու և նորից ապրել սովորելու զգացողությունը։
Կերպարներ, որոնք փոխեցին դերասանին
Սամվելի ստեղծագործական ճանապարհին առանձնահատուկ տեղ ունեն երկու կերպարներ՝ Ալեքսանդր Ադուևը «Սովորական պատմություն» ներկայացման մեջ և Արմենը՝ «Ուրվականը մեր միջև» ֆիլմում։ Ադուևի դերը նա ստացել է համալսարանի երկրորդ կուրսում և ամբողջությամբ նվիրվել աշխատանքին․ «Ամեն օր ու ամեն գիշեր աշխատում էի։ Ուզում էի հասկանալ, թե ինչ է զգում իմ կերպարը, ինչն է նրա մեջ կոտրվում, ինչն է ծնվում»։ Արմենի կերպարն էլ նոր փորձ էր՝ հատկապես կատակերգական ժանրի տեսանկյունից․ «Շատ տարօրինակ զգացողություն էր, երբ այլևս չես հասկանում՝ որտեղ ես դու, իսկ որտեղ է քո կերպարը»։
«Ես չեմ կարող ստել»
Սամվելը նույն պատասխանատվությամբ է մոտենում նաև գովազդային աշխատանքներին․ «Կարևոր չէ՝ նկարահանումը մեկ ժամ է տևում, մեկ օր, թե մեկ շաբաթ, ես ամբողջությամբ նվիրվում եմ դրան»։ Նրա համար կարևոր է վստահ լինել այն ամենի նկատմամբ, ինչ ներկայացնում է մարդկանց․ «Ես չեմ կարող ստել։ Մինչև ինքս չհամոզվեմ, որ այն, ինչ ասում եմ, ճիշտ է, այդ քայլը չեմ անի»։
Փոքր Սամվելին
Սամվելը մեծ շնորհակալությամբ է խոսում ԹՈՒՄՈ-ի մասին՝ նշելով, որ այնտեղ իր առաջ բացվել են բազմաթիվ հնարավորություններ։ Եթե այսօր հնարավորություն ունենար խոսելու ավելի երիտասարդ Սամվելի հետ, առաջին հերթին նրան կասեր․ «Երբեք չկորցնես քո մեջ եղած սերը, չկորցնես քեզ ու քո արժեքները և երբեք չհանձնվես»։ Նա չի ցանկանում փոխել իր անցած ճանապարհը, քանի որ հենց այդ ամենի շնորհիվ է դարձել այն մարդը, ով այսօր է։ Միայն մեկ բան կուզեր փոխել՝ ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ և ավելի շատ ճանաչել Արցախը․ «Կուզեի, որ հնարավորինս շատ ուսումնասիրեր Արցախի ամեն մի անկյունը, ամենուր լիներ, որտեղ կարող էր, ու Արցախը սիրեր ու գնահատեր ավելի շատ»։ Իսկ ավելի երիտասարդ Սամվելին մի փոքր հումորով խորհուրդ էլ կտար․ «Կտրիր մազերդ։ Այդ երկար մազերը մի քիչ տարօրինակ են»։
Երազանքը՝ մարդկանց մեջ ինչ-որ բան փոխել
Սամվել Սարգսյանն ասում է, որ սովորական իմաստով այլևս երազել չի սիրում․ նա չի ցանկանում պարզապես սպասել ինչ-որ բանի, այլ փորձում է հավատալ, որ կարող է սեփական ուժերով հասնել ավելին։ Նրա համար արվեստը միայն մասնագիտություն չէ․ այն հնարավորություն է՝ ապրել ուրիշների կյանքերը, պատմել պատմություններ, մարդկանց փոխանցել զգացողություններ և, գուցե, ինչ-որ բան փոխել նրանց ներսում։ Իսկ Սամվելի համար լույսը հենց այդտեղ է՝ ստեղծելու, ապրելու և ունեցած լույսով ուրիշներին էլ լուսավորելու մեջ։